ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համար

Մայիսի 23, 2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Ճարտարապետություն և շինարարություն
  • Հնագիտություն
  • Լեզվաբանություն
  • Բժշկություն
  • Արաբերեն լեզու
  • Իսլամագիտություն

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բյուջեի միջոցների հաշվին։ Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 2-ից 9-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00-ը:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

  2. հորդանանյան կողմից ներկայացված հարցաթերթիկ,

  3. ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` թարգմանված անգլերեն և նոտարական հաստատմամբ,

  4. բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` թարգմանված անգլերեն և նոտարական հաստատմամբ,

  5. անձնագրի պատճենը,

  6. ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),

  7. բժշկական տեղեկանք (անգլերեն),

  8. 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,

  9. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 623 սենյակ, հեռ.՝ +37410-599-646)։

Ծանոթություն.

Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշումով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն